Գլխավոր էջ





Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները

2013-2015թթ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսավորմամբ  ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում իրականացվել է «Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները» գիտական թեման, որի նպատակն է եղել ուսումնասիրել արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները բանագիտության, գրականագիտության և լեզվաոճագիտության տեսանկյուններից:

Լայն առումով թեմայի խնդիրներն են` քննել, դիտարկել, բացահայտել և հանրայնացնել արդի հայ հեքիաթի`

ա/ ժամանակային ընդգրկումը,

բ/ դրսևորման ձևերը,
գ/ գործառույթները,
դ/ կիրառական և տարածական ընդգրկումները,
ե/ լեզվաոճական առանձնահատկությունները,
զ/ պոետիկայի խնդիրները:

«Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները»
գիտական թեման իրականացրել են.
Նվարդ Վարդանյանը
  /նախագծի ղեկավար, բան. գիտ. թեկնածու/,
Ալվարդ Սեմիրջյանը
  /բան.գիտ.թեկնածու, դոցենտ/
Նարինե Վարդանյանը
  /բան.գիտ.թեկնածու/

Հեքիաթը գեղարվեստական այն ժանրն է, որ արձագանքում է մարդու հոգևոր-աշխարհայացքային ցանկացած նոր փոփոխության և արտացոլում այն: Չնայած իր վաղեմությանը` հեքիաթը մեր օրերում էլ շարունակում է լայնորեն կենցաղավարել և՛ բանահյուսական, և՛ գրական տարբերակներով: Այսօր գյուղական շրջաններում ժողովուրդը դեռ շարունակում է պատմել պապերից լսած հեքիաթները, գրողները ակտիվորեն անդրադառնում են հեքիաթային կերպարներին և սյուժեներին ինչպես առանձին մշակումների ճանապարհով, այնպես էլ հեքիաթային ավանդական մոտիվների` գեղարվեստական տարբեր ժանրերում արծարծման միջոցով: Եվ չնայած այդ ամենին, արդի հեքիաթը հայ իրականության մեջ դեռևս ըստ արժանվույն ուսումնասիրված չէ: Ուսումնասիրությունների շրջանակներից դուրս է մնում հիմնականում ժամանակակից հեքիաթը, որի քննությունը մինչ օրս բաց է մնացել մեզանում: Մեր օրերում հեքիաթասացության աստիճանական մարման պայմաններում բավական մեծ ժանրային-որակական փոփոխությունների է ենթարկվում հեքիաթը` ինչպես քայքայման, այնպես էլ նոր որակներով հարստացման առումով: Բանահյուսական հեքիաթն այսօր մեծապես կրում է գրական հեքիաթի ազդեցությունը, մի փաստ, որը ևս քննության առարկա չի դարձել հայ բանագիտության մեջ: Այս առումով կարևոր է բանահյուսական և գրական հեքիաթի զուգահեռ քննությունը: Ինչպես նաև, այսօր բանահյուսությունն ունի կենցաղավարման մի այնպիսի նոր ոլորտ, ինչպիսին է համացանցը: Համացանցային շփումը մեր օրերում փոխարինելու է եկել բանավոր շփմանը, հետևապես նաև բանասացությունը նոր` գրավոր դրսևորում է գտնում այստեղ:

Նշենք նաև, որ սույն թեման բացառիկ է նրանով, որ ընդգրկում է հեքիաթի` միանգամից եռակողմ ուսումնասիրություն: Խմբի անդամներից յուրաքանչյուրը` բանագետ, գրականագետ և լեզվաբան, թեման ուսումնասիրել է իր մասնագիտական դիրքերից` անդրադառնալով ժանրի համապատասխան դրսևորումներինին:
Ահա այս հարցերի քննությանն է նվիրվել «Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները» գիտահետազոտական աշխատանքը:
«Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները» գիտական թեման ավարտվել է 2015 թ. երկլեզու մենագրության հրատարակմամբ /Տե՛ս Նվ. Վարդանյան, Ալ. Սեմիրջյան-Բեքմեզյան, Նար. Վարդանյան, Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները, Երևան, 2015թ., Էլկա Պրինտ ՍՊԸ., 288 էջ/:



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ