Գլխավոր էջ





27 Փտր

«Դասավանդի՛ր, Հայաստան» առաջնորդության զարգացման ծրագիր

Փետրվարի 27, 2018

Հունվարի 9-ից բացվել են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդության զարգացման ծրագրի մասնակցության հայտադիմումները և ընդունվելու են մինչև ապրիլի 30-ը ներառյալ։
«Դասավանդի’ր, Հայաստան»-ը հավաքագրում է Հայաստանի ամենաշնորհալի երիտասարդներին` որպես ուսուցիչներ ուղարկելով աշխատելու Հայաստանի առավել մեծ կարիք ունեցող համայնքներում։ Ծրագրի մասնակիցներն անդամակցում են Երկամյա Առաջնորդության զարգացման ծրագրին, որի ընթացքում ձեռք են բերում աշակերտների նվաճումներն ու առաջնորդության ջիղը դասարանում բարելավելու գիտելիքներ, հմտություններ և նոր աշխարհայացք` միաժամանակ իրականացնելով համայնքային զարգացման նախաձեռնություններ: Երկամյա ժամկետի ավարտին մասնակիցները նշանակվում են Դեսպաններ և ուղղորդվում աշխատելու ռազմավարական նշանակության օղակներում, որոնք հենարան են հանդիսանում Հայաստանում համաչափ կրթության շարժման համար:
Այս պահի դրությամբ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 6 մարզի 52 գործընկեր դպրոցում: Ծրագիրն ունի մասնակիցների երեք սերունդ, որոնցից առաջինը՝ 14 մասնակից, արդեն ավարտել է երկամյա ծրագիրը և գտել են իրենց մասնագիտական ուղին, իսկ երկրորդ եւ երրորդ սերնդի մասնակիցները 71-ն են, որոնք աշխատում են շուրջ 5000 երեխայի հետ: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակաբար համագործակցում է նոր դպրոցների ու համայնքների հետ, որպեսզի հասանելի դառնա Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր մարզերում ապրող յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն անկախ ծրագիր է, որը համագործակցում է ՀՀ կառավարության, մարզպետարանների, բոլոր համայնքների դպրոցների, համալսարանների, տեղական և արտասահմանյան կազմակերպությունների և անհատների հետ: Մոդելը, որի հիման վրա ստեղծվել է ծրագիրը, 25 տարվա պատմություն ունի։ Այն սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է, որը կիրառվել է աշխարհի շուրջ 46 երկրում:

Հայտադիմումների և ընդունելության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հավաքագրման համակարգող Տաթևիկ Հովհաննիսյանին +374 41 53 01 54 հեռախոսահամարով կամ գրել tatev.hovhannisyan@teachforarmenia.org էլեկտրոնային հասցեին:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել պաշտոնական կայքը`
https://arm.teachforarmenia.org: